National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.05.2015
Հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ մայիսի 13-ին գումարել է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա, կարեւորելով վերջին տասնամյակում էկոլոգիական հիմնախնդիրները, մի շարք միջազգային, բնապահպանական, կրթական եւ տեղեկատվական կոնվենցիաներին միանալը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին, ընդգծել է բնապահպանական կրթության, դաստիարակության եւ իրազեկման դերը:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ՀՀ կրթական համակարգում եւ հատկապես նախադպրոցական եւ հանրակրթական մակարդակներում: Նախատեսվում է կատարելագործել բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը եւ համապատասխանեցնել «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարությանը, ինչպես նաեւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին: Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ էկոլոգիական կրթությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի, սակայն նոր առարկայի դասավանդմամբ պետք չէ ծանրաբեռնել դպրոցական ծրագիրը: Իսկ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանն այն տեսակետն է հայտնել, թե էկոլոգիական գրագիտության հնարավոր է հասնել ընտանիքի եւ դպրոցի համատեղ ջանքերով:

Քննարկված օրինագիծն ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Այնուհետեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրել է հանձնաժողովի՝ 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ զեկուցողի՝ 2014 թվականին ՀՀ-ում գործել են 98 հեռուստաընկերություն՝ 44-ը՝ վերգետնյա եթերային, 54-ը` կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող, եւ 20 ռադիոընկերություն: 2014 թվականի ընթացքում հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2100 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1860 օրերի ուղղակի դիտարկումներ:

Պարոն Բունիաթյանը նշել է, որ հանձնաժողովը համագործակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ, եւ 2014 թվականի հուլիսին տեղի ունեցած համատեղ նիստում հանձնաժողովների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր: Գագիկ Բունիաթյանը փաստել է, որ հանձնաժողովը համագործակցել է նաեւ օտարերկրյա պետություններում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների հետ: Մասնավորապես, քննարկումներ են կազմակերպվել հանձնաժողովի եւ Իտալիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության համապատասխան կառույցների հետ:

Հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ 2014 թվականի ընթացքում հանձնաժողովը գումարել է 28 նիստ, որում ընդունվել է 85 անհատական որոշում: Հանձնաժողով մուտքագրվել է 437 գրություն, իսկ ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից` 13 դիմում-բողոք՝ հեռուստաընկերությունների հաղորդումների անորակ լինելու, լեզվի անաղարտության, անբարեխիղճ գովազդ հեռարձակելու մասին, որոնց պատասխանել են գործող օրենսդրական ակտերին համաձայն:

Հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելուց հետո Գագիկ Բունիաթյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը, դրական գնահատելով հանձնաժողովի՝ 2014 թվականին ծավալած գործունեությունը, նշել է, որ այս հաղորդումն ամբողջովին արտացոլում է կատարված աշխատանքը:

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ հանձնաժողովի 2014 թվականի գործունեության հաղորդումը դրականորեն տարբերվում է նախորդ տարիների հաղորդումներից՝ կարեւորելով հատկապես ԼՂՀ-ի հետ համագործակցությունը: Նա նշել է, որ հանձնաժողովը ընդունում է հաղորդումն ի գիտություն:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am